Արթիկի շրջան
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Արթիկ |
Խոշորագույն քաղաք | Արթիկ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 44 900 |
Խտություն | 92,6 |
Ազգային կազմ | Հայեր |
Տարածք | 483,8 (1,6 %) |
Հիմնադրված է | 1930-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Այրարատ |
Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հարավ-արևելքում։ Գտնվում էր ՀԽՍՀ արևմտյան մասում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 483,8 քառ. կմ էր, բնակչությունը՝ 44 900 մարդ (1987), խտությունը՝ 92,6 մարդ։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթիկի շրջանի վարչական կենտրոնն էր Արթիկ քաղաքը։ Ուներ 1 քաղաք (Արթիկ), 1 քտա (Պեմզաշեն), 1 քաղաքային, 1 ավանային և 11 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթիկի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Արթիկի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մեջ։ Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է Կամսարականների, Պահլավունիների, Վաչուտյանների և այլ իշխանների տոհմական կալվածքը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ Արթիկի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ Լենինականի գավառի մեջ։
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Լեռնակերտի միանավ բազիլիկը (4-րդ դար), Հառիճավանքի համալիրը (7-13-րդ դարեր), Պեմզաշենի եկեղեցին և այլն։
Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 103 սկգբնական կուս․, 121 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Լեռնագործ» շրջանային թերթը։
Ռելիեֆ և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքն զբաղեցնում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևմտյան և Շարայի լեռան հարավարևմտյան ւանջերը, Շիրակի դաշտի հարավարևելյան մասը։ Բարձրությունը 1500-4000 մ է։ Մակերևույթը կտրտված է Մանթաշ և Գեղաձոր գետերով ու դրանց վտակներով։ Անտառազուրկ է։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան շինանյութերի հարուստ պաշարներ։
Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -8°С-ից մինչև -13°С, հուլիսինը՝ 8-20°С, տարեկան տեղումները՝ 450-750 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40-165 օր։ Տարածքում են Մանթաշի ու Վարդաքարի ջրամբարները (5 մայրուղային և միջտնտեսային ջրանցքներով)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության առաջատար ճյուղերն են հանքարդյունահանող, շինանյութերի և թեթև արդյունաբերությունը, դաշտավարությունն ու անասնապահությունը։ Կար էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, մեքենաշինություն։ Գործում էր 18 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են «Արթիկտուֆ» արտադրական միավորումը, վակուումային էլեկտրավառարանների և «Ստեկլոմաշ» գործարանները։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղը հացահատիկի մշակումն է։ Կար 15 կոլեկտիվ, 7 խորհրդային տնտեսություն, 1 միջտնտեսային ձեռնարկություն։ Մշակում են նաև շաքարի ճակնդեղ, բանջարեղեն, կտավատ, կերային կուլտուրաներ ևն։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 100 կմ էր, երկաթուղին՝ 17 կմ։ Ուներ կապի հանգույց՝ 26 բաժանմունքով։
1986-87 թվականներին կար 21 միջնակարգ, 7 ութամյա, 2 երեկոյան, 1 օժանդակ գիշերօթիկ, 1 հեռակա միջնակարգ, 3 երաժշտական, 3 մարզական, 1 նկարչական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր 1 շրջանային, 3 տեղամասային հիվանդանոց, 17 բուժմանկաբարձական կայան, 19 մշակույթի տուն, 6 ակումբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 51)։ |